ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ (Մաս երկրորդ)

ԱԶԱՏԱԿԱՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Բուրժուազիան պատմության թատերաբեմ դուրս եկավ իբրև ծայրահեղ բանականության, ինտելեկտուալիզմի ներկայացուցիչ: Ինտելեկտուալիզմ ասելով` նկատի ունենք մտածողության այն տեսակը, որը կամ ընդհանրապես անտեսում է կամքի, հետաքրքրության, զգայականության և աշխարհայացքի առանձնահատկության տարրեը կամ դրանք նույնացնում է մտքի հետ և դիտարկում իբրև բանականության օրենքներին ենթակա երևույթներ: Այս մտածողության ներկայացուցիչները համառորեն շարժվում էին դեպի գիտական քաղաքականության ստեղծումը: Բուրժուազիան ոչ միայն ցանկություն էր հայտնում, այլև գործնական քայլեր էր անում այդ գիտության հիմնադրման ուղղությամբ: Նույն տրամաբանությամբ բուրժուազիան ստեղծեց քաղաքական պայքարի առաջին իրական ինստիտուտները` խորհրդարանը, ընտրական համակարգերը: Բուրժուաների կողմից ստեղծված քաղաքական գիտությունը բաժանվեց երեք մասերի` ուսմունք նպատակի`կատարյալ պետության մասին, ուսմունք ներկա, դրական պետության մասին և ուսմունք այն քաղաքական եղանակների մասին, որոնց միջոցով գոյություն ունեցող պետությունը կարող է վերածվել կատարյալ պետության: Կարևոր է ճիշտ նպատակադրման խնդիրը: Եթե այն բացակայում է, ապա պետք է փորձել գտնել այն քննարկումների ու բանավեճերի միջոցով: Այս, պառլամենտարիզմի հայեցակարգն ի սկզբանե բանավիճող հասարակության հայեցակարգ էր: Հասարակություն, ուր ճշմարտության փնտրտունքներն իրականացվում էին տեսական ճանապարհով: Սակայն դա միանշանակ չէ: Հայընի է, որ խորհրդարանն ամենևին էլ տեսական բանավեճերի վայր չէ: Քանի որ յուրաքանչյուր այդպիսի «տեսության» հետևում կանգնած են հավաքական ուժեր, որոնց շահերը, կամքն ու իշխանությունը սոցիալական հիմնավորում ունեն, ուստիև այդ բանավեճերը միանգամայն գործնական են:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ-ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Իր հակառակորդի` բուրժուազիայի դեմ պայքարում մարքսիզմը եզրակացնում է, որ քաղաքականության և պատմության մեջ մաքուր տեսություններ գոյություն չունեն: Մարքսիստական ուսմունքի համար ակնհայտ է, որ յուրաքանչյուր առանձին տեսության հետևում առանձին կոլեկտիվներին հատուկ հայացքներ են կանգնած: Այդ երևույթը` սոցիալական շահերով ու հետաքրքրություններով պայմանավորված քաղաքական մտածելակերպը, Մարքսն անվանում է գաղափարախոսություն:

Այստեղ, ինչպես հաճախ պատահում է քաղաքական լուրջ պայքարի ընթացքում, կարևոր բացահայտում է արված: Սակայն երկու ճշգրտում մտցնենք: Նախ, հեշտ է համոզվել նրանում, որ սոցիալիստական – կոմունիստական ուղղվածություն ունեցող մտածողը գաղափարախոսության տարրեր է տեսնում միայն իր հակառակորդի քաղաքական մտածողության մեջ. սեփական մտքերն իրեն որևէ գաղափարախոսական դրսևորումից միանգամայն ազատ են թվում: Մինչդեռ մարքսիզմի կատարած բացահայտումն իրեն իսկ չվերագրելու որևէ հիմք չկա: Ակնհայտ է, որ, համենայնդեպս, ժամանակ առ ժամանակ մարքսիզմն ունի զտարյուն գաղափարախոսական հատկանիշներ: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ «գաղափարախոսություն» բառը չի օգտագործվում բացասական իմաստով և չի ենթադրում գիտակցված քաղաքական խաբեության առկայություն: Գաղափարախոսությունը կոչված է մատնանշելու որոշակի պատմական ու սոցիալական իրավիճակում առաջացող ասպեկտները և դրանց հետ կապված աշխարհայացքն ու մտածելակերպը: Այդուհանդերձ, իհարկե, չի բացառվում, որ որոշակի պայմաններում գաղափարախոսության քողի տակ կարող է մատուցվել և գիտակցված քաղաքական սուտը: Մարքսը պնդում է. «Մարդկանց գիտակցությունը չի պայմանավորում նրանց կեցությունը, այլ ընհակառակը` հասարակական կեցությունն է որոշքւմ գիտակցությունը»: Սրա հետ է կապված մարքսիստական մտածելակերպի երկրորդ էական հատկանիշը` տեսականի ու գործնականի միջև որոշակի հարաբերությունների նորովի բնութագրումը:

Ի տարբերություն ազատական մտածողների, որոնք հատուկ ուշադրություն էին հատկացնում նպատակի ճշգրտմանն ու իրենց դատողություններում ելնում էին ճիշտ հասարակության մասին իրենց պատկերացումներից, Մարքսը (և դա նրա գործունության կարևորագույն պահերից է) միշտ պայքարել է սոցիալիզմի մեջ նման ուտոպիզմի առաջացման դեմ: Այդ իսկ պատճառով նա ի սկզբանե հրաժարվում էր նպատակի հստակ ձևակերպումից. դրույթ, որը կարելի է առանձնացնել ողջ գործընթացից ու ներկայացնել իբրև նպատակ, գոյություն չունի: «Մեզ համար կոմունիզմը մի վիճակ չէ, որը պետք է հաստատվի ապագայում և որին պետք է համապատասխանի ապագա իրականությունը: Կոմունիզմը շարժում է, որը փոխում է ներկա վիճակը», — կարծում էր Մարքսը: Իհարկե, այլ հարց է, որ լենինյան ոգով դաստիարակված կոմունիստներն իրենց տեսության մեջ ամրագրում և գործնականում իրականացնում են ճիշտ հակառակը: Ներկայացնելով կոմունիզմն իբրև նպատակ, ապագայում սպասվող վիճակ, նրանք սոցիալիզմը վերածում են ուտոպիայի: Մարքսիստական մտածողությունը չի ժխտում քաղաքականության մեջ իռացիոնալի դերը, չի փորձում այն թաքցնել, ինչպես դա անում է բյուրոկրատական պահպանողականությունը, և դիտարկումներում չի ներկայացնում այն իբրև բանական, ռացիոնալ, ինչպես դա անում են ազատակա-ժողովրդավարական մտքի կրողները: Սակայն մարքսիզմի իռացիոնալիզմը լիակատար չէ: Իր հարաբերական իռացիոնալիզմում մարքսիզմը տեսնում է երևույթներ, որոնց կարելի է հասնել նոր տեսակի ռացիոնալիզացման միջոցով:

Էդգար Հելհելյան

Ազգային նոր պահպանողական շարժում

About խմբագիր

Խմբագիր
Այս նյութը հրատարակվել է Առանց կարգի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն